Գրականություն

Սուրբ Ծննդյան հեքիաթ

«Սուրբ Ծննդյան հեքիաթ» պատմվածքը երեք մայրիների մասին են, որոնք շատ դանդաղ են աճում: Մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին: Առաջինը ասաց, որ կուզեր գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը: Երկրորդն ասաց, որ կուզեր այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ չարը բարու վերափոխեր: Իսկ երրորդն ասաց, որ կուզեր մարդիկ իրեն նայելով միշտ Աստծուն հիշեին:

Անցան տարիներ ու տարիներ և անտառում փայտահատներ հայտնվեցին, ովքեր կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:

Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին: Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում: Այսպես նրանք մտածեցին, որ իրենց երազանքները այդպես էլ չիրականացան: Սակայն որոշ ժամանակ անց մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Այդ գիշեր կինը որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա: Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին: Տարիներ անց մի համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց: Եվ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին իր իղձը կատարվեց: Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը: Բայց խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:

Leave a comment