Համո Սահյան · Մայրենի

ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է Համո Սահյան

 

ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է

 

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր

Գլխիվայր են ծառերն աճում,

Եվ ջրվեժներն ալեփրփուր

Դեպի երկինք են շառաչում։

 

Սարը սարից ամպ է խլում,

Ջուր է խմում ձորը ձորից,

Երկնքի մեջ արտ է ծլում,

Ու երկինք է բուսնում հողից…

 

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր

Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

 

Առանձնացրու քեզ դուր եկած թարս պատկերը, շարունակիր այն նկարել…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր

Գլխիվայր են ծառերն աճում,

Եվ ջրվեժներն ալեփրփուր

Դեպի երկինք են շառաչում։

Ուր արևը ծագում է արևմուտքից

և մայր մտնում արևելք:

Իմ աշխարհի տերն ու հյուրը … — ստեղծագործական աշխատանք

Իմ աշխարհը գեղեցիկ է, լուսավոր և ամենակարևորը թարս ու շիտակ: Անյտեղ ձկները թռչում են իսկ ծիտիկները լողում, խոտերն աճում են երկնքում իսկ արևը ծովից է դուրս գալիս: Ամեն ինչ թարս է ու գեղեցիկ, ամեն ինչ թարս է, բայց հասկանալի: Ես սիրում եմ իմ աշխարհը՝ գունավոր ու հետաքրքիր: Այնտեղ ամեն ինչ գեղեցիկ է ու լի զվարճանքով:  Իմ աշխարհում տերերը հյուրերն են իսկ ես հուրը……

Համո Սահյան · Մայրենի

Համո Սահյան Ամպրոպից հետո

 

ԱՄՊՐՈՊԻՑ ՀԵՏՈ

 

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

 

Այս գունավոր խճանկարից առանձնացրու այն կտորը, որն ամենապարզն ես տեսնում. նկարագրիր այն քո զգացողությամբ:

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Ամպրոպից հետո բնության գույները ավելի գեղեցիկ են լինում: Շուշանն ավելի սպիտակ և գեղեցիկ է լինում, կակաչն ավելի կարմիր բութավետ, իսկ մեղրածաղիկը դեղին է լինում:

 

Կարո՞ղ ես բացատրել՝ ի՞նչ ազդեցություն ունի Ամպրոպը Բնության վրա, ինչու՞ է Բնությունը փոխվում նրա պատճառով:

Ամպրոպից հետո բնությունը ամբողջովին մաքրվում է: Ամպրոպից հետո օդն ավելի մաքուր է լինում:

Մարդու կյանքում ի՞նչը կարող է դատնալ Ամպրոպ. հիմնավորիր ասածդ:

Մարդու կյանքում ամպրոպ կարող է դառնալ այն իրավիճակը, որը կարող է նրա կյանքում և հիշողությամ մեջ որոշ մտքեր ու իրադարձություններ ջնջել ու փոխել:

Ես՝ ամպրոպից հետո… — ստեղծագործական աշխատանք:

 

Ամպրոպից հետո ամեն բան փոխվում է, թե մարդու ներաշխարհում և թե բնությամ մեջ: Կարծես թե նույն փոփոխությունն է տեղի ունենում իմ մեջ, ինչ-որ կատարվում է բնության հետ: Ես էլ ինչպես բնությունը տագնապում եմ ամպրոպի ժամանակ, ամեն բան դառնում է սև և մռայլ ամպրոպի ժամանակ: Բայց ամպրոպից անմիջապես հետո ամեն բան փոխվում է….Ամեն բան ներկվում է բազմատեսակ գույներով, ամեն բան դառնում գեղեցիկ ու լուսավոր:

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։

Այս խոսքերը կարծես թե ասում են ամեն ինչ…..

Համո Սահյան · Մայրենի

Համո Սահյան Ջրի պես

Ջրի պես

Կռիվ տայի անդադար

Ու փրփրեի ջրի պես:

Թափառեի քարե-քար,

Քար փշրեի ջրի պես:

Լվանայի քեզ, աշխարհ,

Ու մաքրեի ջրի պես:

Քչքչայի սարն ի վար,

Մարգ ջրեի ջրի պես:

Միայն ջրելու համար

Վիզ ծռեի ջրի պես:

Շողեր, շողեր հագնեի,

Ցող ցրեի ջրի պես:

Թող գեթ մի օր ապրեի,

Բայց ապրեի ջրի պես:

 

Անձնավորման միջոցով հեղինակը ջրին ի՞նչ մարդկային հատկանիշներ է տվել: Որո՞նց հետ ես համաձայն, որոնց հետ՝ ոչ. հիմնավորիր:

Իմ կարծիքով այս բանաստեղծության մեջ ջուրը փրփրող,փշրող,մաքրող, մարգերը ջրող:

Առանձնացրու մի երկտող՝ որպես վերնագիր, և ստեղծագործիր:

Շողեր, շողեր հագնեի, ցող ցրեի ջրի պես:

Արևը ելավ երկնքում և շողաց պայծառ, հագավ իր շողերը և տաքացրեց աշխարհը:Ծիլ ու ծաղիկ բողբոջեցին և գարունը մեզ հյուր եկավ: Ամպերն եկան կամաց-կամաց ու հավաքվեցին երկնքում: Ամպը հանկարծ մտածեց ցող ցրեր: Նա սկսեց անձրևել և ջրել աշխարհը: Ծառերն, ծաղիկները և բույսերը ուրախացան և թարմացան: ԳԵղեցիկ է բնությունը թե անձրևին թե արևին:

Համո Սահյան

Ախր ես ինչպե՜ս

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Համո Սահյան

Համո Սահյանը կենսագրություն

hqdefault3Համո Սահյանը (իսկական անուն-ազգանունը՝ Հմայակ Գրիգորյան) 1939 թ-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը, 1939–41 թթ-ին աշխատել է տեղի «Խորհրդային գրող» թերթի խմբագրությունում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–45 թթ.): 1945–51 թթ-ին աշխատակցել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթին, ապա տեղափոխվել է Երևան: 1951–54 թթ-ին՝ «Ավանգարդ», 1954–65 թթ-ին «Ոզնի» պարբերականների խմբագրություններում եղել է բաժնի վարիչ, 1965–67 թթ-ին՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր:
Սահյանի առաջին գործերը տպագրվել են 1930-ական թվականներին, սակայն նա ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի», «Նամակ ճակատից», «Որոտանի եզերքին» բանաստեղծություններով: 1946 թ-ին լույս է տեսել առաջին՝ «Որոտանի եզերքին» ժողովածուն: Այնուհետև հրատարակվել են «Առագաստ» (1947 թ.), «Սլացքի մեջ» (1950 թ.), «Ծիածանը տափաստանում» (1953 թ.), «Բարձունքի վրա» (1955 թ.), «Նաիրյան դալար բարդի» (1958 թ.), «Հայաստանը երգերի մեջ» (1962 թ.), «Մայրամուտից առաջ» (1964 թ.) ժողովածուները, որտեղ բանաստեղծն ավելի է խորացրել իր նախասիրությունները, հարստացրել ասելիքն ու կատարելագործել բանաստեղծական արվեստը:
Բնությունը Սահյանի պոեզիայի հողն է, պատվանդանը և զինանոցը, որտեղից նա վերցրել է պատկերներ, գույներ ու ձևեր: «Քարափների երգը» (1968 թ.), «Տարիներս» (1970 թ.), «Սեզամ, բացվիր» (1972 թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1975 թ.), «Իրիկնահաց» (1977 թ.), «Ժայռից մասուր է կաթում» (1979 թ.), «Կանաչ-կարմիր աշուն» (1980 թ.), «Տոհմի կանչը» (1981 թ.), «Դաղձի ծաղիկ» (1986 թ.), «Ինձ բացակա չդնեք» (1998 թ., հետմահու) ժողովածուներում բանաստեղծն անձնավորել է բնությունը, ներկայացրել մարդու և բնության հավերժ կենդանի կապը:
Սահյանական բնապատկերը շոշափելիության աստիճանի տեսանելի է. մարդը, հողը, կենդանին, քարափը ներդաշնակության մեջ են և լրացնում են միմյանց («Օրը մթնեց», «Պապը», «Օգնականը ես եմ», «Հորթը», «Եզը» և այլն), բնության երևույթներն իմաստավորվում են մարդու ապրած օրվա փիլիսոփայությամբ («Ամպրոպից հետո», «Ժայռից մասուր է կաթում», «Պտուղդ քաղող չկա» և այլն):
Սահյանն առանձնահատուկ ներշնչանքով է խոսում Հայաստան աշխարհի, նրա անցյալի ու ներկայի, պատմության ու գալիքի մասին՝ «Աշխարհում ամենից առաջ», «Փշատենի», «Մի բուռ ես», «Անունդ տալիս» և այլն. 
 
Հայաստա՜ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծառի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ թեքված մի սյուն եմ հիշում:
 
Սահյանի խորապես ազգային պոեզիայի մեջ, սակայն, հայրենիքը միայն աշխարհագրական տարածք չէ, այն նաև մարդու ներսում է, նրա աշխարհընկալման ձևի ու եղանակի մեջ՝ «Ախր ես ինչպե՛ս…», «Գարունդ հայերեն է գալիս», «Հայաստան ասելիս» և այլն. 
 
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես…
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:
 
Բանաստեղծի սիրերգության մեջ առանձնապես ուժեղ և անմիջական են պատանեկան անաղարտ սիրո մասին բանաստեղծությունները («Կանչ», «Առաջին սեր», «Երկրորդ հարկի պատշգամբը», «Հրաշք լիներ», «Ես չգիտեի, թե ինչ է սերը» և այլն): Սիրային բանաստեղծություններում Սահյանն արտահայտել է նաև կարոտի, ցավի, հիասթափության, դառնության, հանդիպման ու բաժանման հուզական տրամադրություններ, բացահայտել մարդկային դրամատիկ ապրումների մի նոր աշխարհ («Չես ասի ոչ մի բառով», «Քո խոնարհ ջրկիրն եմ եղել», «Չհիշեի քեզ», «Կգամ», «Դու իմ կյանքն էիր» և այլն):
Վերջին շրջանի գործերում Սահյանն իրեն հուզող խնդիրներն արտահայտել է այլաբանական և փոխաբերական պատկերների միջոցով: «Խիղճդ մեռնի, աշխարհ, մուխդ մարի», «Թող աշխարհը ցավ չունենար», «Որ չքնի հանկարծ», «Հոգնել եմ արդեն», «Տարիներս» և այլ բանաստեղծություններում, «Հայրենի գյուղ», «Վերադարձ» պոեմներում բանաստեղծն ապրում է ժամանակի այրող խնդիրներով, նրան մտահոգում է Երկիր մոլորակի ապագան, մարդկային արատների կուտակումը, շեղումն առաքինության ճանապարհից:
Սահյանը գրել է նաև հայրեններ, թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Սերգեյ Եսենինի, Արսենի Տարկովսկու, Գարսիա Լորկայի և այլ բանաստեղծների գործերից:
Սահյանի բանաստեղծությունները թարգմանվել են մի շարք լեզուներով:
Երևանում Սահյանի անունով կոչվել է դպրոց, գործում է «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնը, որը սահմանել է Սահյանի անվան հուշամեդալ:
Երևանում՝ Սահյանի տան պատին, տեղադրվել է բանաստեղծի դիմաքանդակը (2007 թ-ին, քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան):
Համո Սահյան

Օրը մթնեց

hqdefault

Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:

Իջնում էին խոհուն, խոնարհ
Դեզերի ուսին
Մի կաթնահունց երկնակամար,
Մի ծերատ լուսին:

Մեկը մեկից ամաչելով,
Եվ զուսպ, և հավաք,
Նստում էին մերոնք կարգով-
Կրտսեր ու ավագ:

Նստում էին և սպասում
Մինչև պապը գար,
Մինչև բակում Ծաղիկ եզան
Զանգը ծլնգար:

Պապը գալիս, սուփրի գլխին
Նստում էր շուքով,
Եվ լցվում էր տունը դաշտի
Բույր ու շշուկով…

Ու երբ տատս ձեռքն էր առնում
Շերեփը իր հին,
Գդալները բնազդաբար
Աղմկում էին:

Թանապուրի տաք գոլորշին
Գերանին առնում
Եվ սյունն ի վար գլոր-գլոր
Ուլունք էր դառնում:

Վայելում էր տաք թանապուր,
Լավաշ ու սամիթ
Աշխարավոր մի գերդաստան՝
Պարզ ու միամիտ…

Հիմա այդ մեծ գերդաստանից
Ոչ մեկը չկա…
Ես եմ մնում լոկ իբրև հուշ
Եվ իբրև վկա:

Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:

Համո Սահյան

Հորթը

 

Օրը թեքվում է դեպի մայրամուտ,

Հովերն են խաղում ձորալանջն ի վար,

Երկարում են խիտ ստվերներն անփույթ

Եվ կամաց-կամաց խառնվում իրար:

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,

Թփերում կորած կածանի վրա,

Կարծես քանդակված մի տերև լինի

Մոր լեզվի հետքը ճակատին նրա:

Խոնավ սև ահողն իր խոնավ դնչին,

Թփի տակ նստել, որոճում է լուռ…

Մասրենու մի ոստ կպել է պոչին

Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:

Ականջի մեկը կախել է մի քիչ,

Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,

Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից

Արցունքի բարակ առուն է հոսում:

Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,

Եվ կանաչել է լեզուն բերանում…

Իսկ աչքից բխած առվի ակունքին

Մի ճանճ է իջել ու չի հեռանում:

Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի

Տերևը  հանկարծ քսվում է նրան,

Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝

Ծաղկած մասրենու ստվերը վրան…

Հորովելներ են ոլորվում դաշտին,

Սարերի վրա գառներ են մայում…

Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին

Մասրենիների արանքից  նայում:

Համո Սահյան

Անունդդ տալիս

Հայաստա՛ն, անունդ տալիս,

Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ, —
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

Համո Սահյան

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

68848030

Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս շրթունքս ճագում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է

Կլինեմ, կմնամ այսպես