Պատմություն

Գարեգին Նժդեհ

Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի պատմության ամենախոշոր ռազմաքաղաքական գործիչներից մեկն է: Նրա մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը: Գարեգին Նժդեհը Ցեղակրոն գաղափարախոսության և շարժման հիմնադիրն է: Նրա գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու թուրք-բոլշևիկյան ծրագիրը:

1907 թվականին մտել է ՀՅԴ շարքերը և մասնակցություն ունեցել պարսկական հեղափոխական շարժման մեջ։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադարձել է Կովկաս և ձերբակալվել ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի՝ մեկնել է Բուլղարիա։

1912 թվականին, երբ սկսվել է Առաջին Բալկանյան պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության) բուլղարական բանակի կողքին ստեղծել են կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։ Նժդեհը այդ պատերազմի ժամանակ վիրավորվել է։ Հայկական վաշտը, աչքի ընկնելով մի շարք հաղթական մարտերով, հրաժարվել է մասնակցել Բալկանյան Երկրորդ պատերազմին (քանի որ այն վերածվել էր բալկանյան ժողովուրդների ներքին կռիվների, որն ի դեպ շատ «շահավետ» էր թուրքերի համար) և 1913 թվականին զորացրվել է։

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադարձել է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։ Պատերազմի սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարը, իսկ հետո հայ-եզդիական առանձին մի զորամասի հրամանատար։

1917 թվականին սակավաթիվ ուժերով օգնության է հասել Կողբին և փրկել տեղի հայությանը կոտորածից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, լինելով զորավար Դրոյի օգնականը, 1918 թվականի գարնանը վարել է Ալաջայի բնակավայր Անիի շրջակայքում կռիվները, որոնցով հնարավորություն է ստեղծել նահանջող հայկական զորամասերին անկորուստ անցնել Ալեքսանդրապոլ, միաժամանակ, իր մարդկանցով ապահովել է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։

Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջել է Վանաձոր (Ղարաքիլիսա)։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Ղարաքիլիսայի եռօրյա հերոսամարտով՝ հայությունը հաստատել է իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Ղարաքիլիսայում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է Նժդեհը) արժանացել է ամենաբարձր՝ քաջության շքանշանի։

Leave a comment