Գրականություն

Պետրոս Դուրյան. « Լճակ »

Պետրոս Դուրյան. « Լճակ »

Ինչո՞ւ ապշած ես, լըճա՚կ,

Ու չեն խայտար քու ալյակք,

Միթե հայլվույդ մեջ անձկավ

Գեղուհի մը նայեցավ։

Եվ կամ միթե կըզմայլի՞ն

Ալյակքդ երկնի կապույտին,

Եվ այն ամպոց լուսափթիթ,

Որք նըմանին փրփուրքիդ։

Մելամաղձոտ լըճա՚կդ իմ,

Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,

Սիրեմ քեզի պես ես ալ

Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի

Ճակատս այնքան խոկ ունի,

Որքան ունիս դու փրփուր՝

Սիրտս այնքան խոց ունի բյուր։

Այլ եթե գոգդ ալ թափին

Բույլքն աստեղաց երկնքին,

Նըմանիլ չես կրնար դուն

Հոգվույս՝ որ է բոց անհո ւն։

Հոդ աստղերը չեն մեռնիր,

Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,

Ամպերը չեն թրջեր հոդ,

Երբ խաղաղ եք դու եւ օդ,

Լըճա՚կ, դու ես թագուհիս,

Զի թ՝հովե մալ խորշոմիս,

Դարձյալ խորքիդ մեջ խըռով

Զ՝իս կը պահես դողդղալով։

Շատերը զիս մերժեցին, 

«Քնար մ՝ունի սոսկ – ըսին».

Մին՝ «դողդոջ է, գույն չունի–

Մյուսն ալ ըսավ – կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ – հե՜գ տղա,

Արդյոք ինչո՞ւ կը մըխա,

Թերեւս ըլլա գեղանի,

Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ – սա տըղին

Պատռե՚նք սիրտը տըրտմագին,

Նայինք ինչե՜ր գրված կան․․․

– Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․

Ալյակքդ հուզի՚ն թող, լըճա՚կ,

Զի քու խորքիդ մեջ անձկավ

Հուսահատ մը նայեցավ․․․

Պետրոս Դուրյան. « Լճակ »

Լճակ, ինչու՞ են ապշած
Ու չեն խայտում քո ալիքները,
Միթե՞ հայելուդ մեջ կարոտով
Մի գեղեցկուհի նայեց:


Եվ կամ միթե զմայլվում են
Ալիքներդ երկնքի կապույտից,
Եվ այն ամպերով լուսափթիթ,
Որ նման են փրփուրիդ:


Մելամաղձոտ իմ լճակ,
Քեզ հետ լինեմ մտերիմ,
Սիրեմ ես էլ քեզ նման,
Գրավվել, լռել ու խոկալ:


Որքան դու ունես ալիքներ
Ճակատս այնքան ունի խոկեր,
Որքան դու ունես փրփուրներ՝
Սիրտս այնքան ունի բյուր խոցեր:


Եվ եթե գոգիդ վրա թափվեն
Աստղային երկնքի բույլերը,
Չես կարող դու նմանվել,
Հոգուս, որ անհուն բոց է:

Այնտեղ աստղերը չեն մեռնի,
Այնտեղ ծաղիկները չեն թառամի,
Այնտեղ ամպերը չեն թրջի,
Երբ խաղաղ եք դու և օդը,

Լճակ, դու ես թագուհիս,
Եթե անգամ քամուց կնճռոտվես,
Դարձյալ խորքդ խռով ես պահում
Ինձ պահում ես դողդողալով:


Շատերն ինձ մերժեցին,
Ասին քնար ունեմ.
Մեկը՝ դողդոջ է, գույն չունի,
Մյուսնել ասաց՝ մեռնում է:


Ոչ ոք չասաց՝ Հե՜յ տղա,
Արդյոք ինչու՞ ես մարում,
Երբ դեռ երիտասարդ ես,
Քեզ սիրեմ, չմեռնես:


Ոչ ոք չասաց՝ Այս տղայի
Պատռե՛նք սիրտը տրտում,
Նայեք ինչե՜ր գրված կան
-Այնտեղ հրդեհ կա, ոչ թե մատյան:


Այնտեղ կա մոխի՜ր… հիշատա՜կ…
Ալիքներդ թող հույզին, լճակ,
Ու քո կարոտած խորքի մեջ
Մի հուսահատ նայեց

Leave a comment